Ոսկեցոլուն հայացքիդ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 27-02-2013

Tagged Under : , , ,

Ոսկեցոլուն հայացքիդ
Լույսն է ցոլում այս կյանքում,
Քրոջական պարզ հոգիդ
Միշտ փարված է իմ հոգուն։

Միշտ հնչում է միամիտ
Քո խոսքերի նուրբ լեզուն,—
Քո ժպիտն է անժպիտ
Ուղիներըս փարոսում։

Քո գգվանքը, որ չըկա,
Տրտմությունըդ գեղեցիկ,
Հույզըդ մաքուր աղջկա,
Ժպիտներըդ խաբուսիկ։

Ո՞ւր ես, ո՞ւր ես՝ չըգիտեմ,
Բայց ըզգում եմ ամենուր
Քո ըստվերը լուսեղեն,
Քո հայացքը ոսկեհուր…

Դու ես ամեն իրիկուն
Խոցում սիրտըս քո սրով
Եվ ժպտում ես իմ հոգուն
Եվ ամոքում քո սիրով։

Ոսկեցոլուն հայացքիդ
Լույսն է ցոլում այս կյանքում,
Քրոջական պարզ հոգիդ
Միշտ փարված է իմ հոգուն…

Post your comment