Այս գիշեր նորից

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 21-03-2013

Tagged Under : , , ,

Այս գիշեր նորից լալիս էր քամին
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ,
Սիրտըս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավով ու երգերով իմ հին։

Մի գարնան հեքիաթ, քո վրա հյուսված,
Հնչում էր դարձյալ իմ դյութված սրտում,
Եվ լուսեղեն էր գիշերըս արթուն,
Եվ սիրտըս տխուր սիրով էր լցված։

Չէի տրտնջում, որ անցել ես դու,
Անհայտացել ես օրերում մեռած,
Որ չըկաս արդեն, դարձել ես երազ,
Անդարձ ու անհաս, հեռո՜ւ և հեռո՜ւ…

Դանդաղ սահում են օրերը

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 22-02-2013

Tagged Under : , , , ,

Դանդաղ սահում են օրերը դժկամ,—
Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ.
Լույսերըս ոսկի ընկան ու հանգան —
Ցաված է սիրտըս,— փայփայեցե՛ք ինձ…

Լռել է հեռվում երգը ցնծության,—
Եվ գուցե չըկար իմ ծնված ժամից,
Գուցե ես ինքս եմ հնարել նրան,
Որ սուտ հուշերով մխիթարեմ ինձ…

Տխուր ամպերը կամար են կապել. —
Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ,
Դուք կարող եք գեթ սուտ սիրով խաբել,—
Հիվանդ է սիրտըս.— փայփայեցե՛ք ինձ…

ԳԻՇԵՐ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 17-02-2013

Tagged Under : ,

Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. —
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։

Իմ դուռն է ծեծում քամին խոլական,
Իմ պատերի տակ հեծում է անվերջ,
Մեղմիվ երգում է մեղեդին լալկան,
Ոռնում ամայի փողոցների մեջ։

Փախչում է հեռուն թռիչքով անտես,
Դառնում է անկարծ ճիչով խելագար,
Ահաբեկում է և կանչում է քեզ,
Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր…

Եվ անպատմելի ցավով է լցված
Այդ երգը անանց հուսահատության.—
Մթին գիշերում իմ սիրտը խոցված,
Լացը հուսաբեկ ավերված իմ տան…

Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. —
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա…