Իրիկնաժամի կիսախավարում

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 18-03-2013

Tagged Under : , , , ,

Իրիկնաժամի կիսախավարում,
Կապույտ լույսերի ցոլքերում ճոճուն,
Հայտնվում է նա, մեղմագին փարվում,
Գունատվում է լուռ ու էլ չի շնչում։

Ծանոթ է ինձ այն ժպիտը անհույզ,
Եվ այն պատկերի գծերը նրբին,
Եվ այն հայացքը մեղմ ու ոսկելույս,
Եվ երգը անխոս և իրիկնային։

Նստում ենք անվերջ մենք մեկ-մեկու մոտ
Եվ չեմ հավատում, որ նա է, որ նա…
Այնքան թովիչ է, այնքան անաղոտ,
Ցնորք է կարծես, պիտի հեռանա…

ՑՆՈՐՔ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 20-02-2013

Tagged Under : , ,

Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։

Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,—
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար։

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու…