Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 16-03-2013
Չկա ոչինչ, որ այնքան
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական…
Խորն է կյանքն այս երեկո,—
Եվ պայծառ է, և տխուր,
Որպես թախծոտ սերը քո…
Եվ հայացքըդ ոսկեհուր
Մթնում իմ սև գիշերվա,
Իր անսահման, իր մաքուր
Հույսն է փռում իմ վրա…
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 13-03-2013
Դառը կյանքի խավարում,
Ուղիներում իմ դաժան
Սրտիս ժըպտաց քո հեռուն,
Տխուր ծաղիկ, սև շուշան։
Շարժումներըդ երերուն
Եվ հայացքըդ վշտագին.
Վհատության օրերում
Կախարդեցին իմ հոգին։
Ես սիրեցի մենավոր
Տխրությունը քո անխոս,
Ուղիներում հեռավոր
Արշա լուսվող ււև փարոս։
Մոլորումիս գիշերում
Հոգիս գերեց մի նշան,
Դու ես այստեղ ու հեռվում,
Ցնո՛րք ծաղիկ, սև շուշան…
1908
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 09-03-2013
Գիշերվա փողոցները թափուր
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և՛ քաղցր, և՛ տխուր,
Երազով դյութական ու հստակ…
Աշխարհում այս աղոտ, ես քնքուշ
Մի հեքիաթ հյուսեցի քո մասին,
Պատկերըդ լուսեղեն ու անուշ
Պարզեցի կյանքի չար երա զին…
Մեկնեցի վիճակըս անժպիտ
Օրերիդ օրորի՜ ն, օրորի՜ն,
Կույս հոգուդ խնդությանը վըճիտ,
Հայացքիդ տխրությանը խորին…
Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն…
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 26-02-2013
Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն, որ չըկա՜ր, և այն, որ չըկա՜ր…
Ա՜խ, գուցե կար, բայց արդեն հավիտյան,
Հավիտյան հեռու, հեռու է անհաս —
Եվ դարձել է սուտ, թվում է երազ…
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 12-01-2013
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…
Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին…
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…
1904