ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 23-02-2013

Tagged Under : , , ,

Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ…
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած…
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու…

ՄԹՆՇԱՂ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 13-01-2013

Tagged Under : , ,

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
1904-1905

Բանաստեղծություն 1

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 13-01-2013

Tagged Under : , ,

 

Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։
Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…
Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի…
1904