Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 18-03-2013
Իրիկնաժամի կիսախավարում,
Կապույտ լույսերի ցոլքերում ճոճուն,
Հայտնվում է նա, մեղմագին փարվում,
Գունատվում է լուռ ու էլ չի շնչում։
Ծանոթ է ինձ այն ժպիտը անհույզ,
Եվ այն պատկերի գծերը նրբին,
Եվ այն հայացքը մեղմ ու ոսկելույս,
Եվ երգը անխոս և իրիկնային։
Նստում ենք անվերջ մենք մեկ-մեկու մոտ
Եվ չեմ հավատում, որ նա է, որ նա…
Այնքան թովիչ է, այնքան անաղոտ,
Ցնորք է կարծես, պիտի հեռանա…
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 25-02-2013
Խոսքերըդ վճիտ են ու խորունկ,—
Այնպես պա՜րզ, այնպես պա՜րզ ես ժպտամ.
Եվ ահա տրտունջ ու մտորմունք
Հանգչում են մրրկված իմ սրտում…
Ընդունում ես աշխարհը բոլոր,—
Օրհնում ես, օրհներգում ու սիրում,
Եվ խոհերըս, խոհերըս մոլոր
Մոռացված են մեռած օրերում։
Ու թվում է, թվում, որ դու չես
Արևող ժպիտով ակնարկում,
Որ ուրիշ լուսով եմ դյութված ես,
Որ քեզ չեմ, ուրիշին եմ երգում…
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 19-02-2013
Ցուրտ անձրևն է միգում
Հեկեկում,
Տխրությունն է երգում
Իմ հոգում։
Ապագա, և՛ անցյալ, և՛ ներկա
Խառնվել են իրար
Խավարել են օրերն արևկա.
Եվ խելառ։
Վիճակիս լծի տակ
Օրերում
Ես շրջում եմ մենակ
Ու լռում։
Չեմ հիշում, մոռացել եմ արդեն
Այն խոսքերը բոլոր
Հիմա կույր, հիմա համր եմ քո դեմ
Ու մոլոր…
Ցուրտ անձրևն է միգում
Հեկեկում,
Տխրությունն է երգում
Իմ հոդում…