Դու գալիս ես մութ գիշերապահին

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 22-02-2013

Tagged Under : , , ,

Դու գալիս ես մութ գիշերապահին
Եվ լինում ես լուռ.
Ես չեմ հիշեցնում ցնորքներըդ հին,
Չեմ վրդովում քեզ խոսքերով տխուր։

Ես հասկանում եմ քո խենթ աչքերի
Հըրեղեն լեզուն,
Խոնարհ եմ լինում ես, որպես գերի,
Եվ տրտմության սև խոսքեր չեմ ասում։

Վառվում է մոմը դողդոջ փայլերով
Հեռու անկյունում,—
Ելնումես անխոս, հպարտ քայլերով,
Մահապարտի պես այնտեղ ես գնում։

Եվ շշնջում է հագուստը թափվող
Վարագույրի մոտ, —
Փռվում է դառը ցնծության մի դող
Ու ողջ աշխարհը դառնում է աղոտ…

Կանգնում ես դու մերկ, թագուհիդ՝ խոնար
Իսկ ես՝ քո գերին.
Քո թագավորն ու դահիճն եմ խավար
Եվ սահման չըկա չար տանջանքներին…

Բանաստեղծություն 5

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 15-01-2013

Tagged Under : , , , ,

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան…
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…
1905-1906