Դու խոսում ես
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 04-03-2013
Tagged Under : անուշ երեկո, հեքիաթ, սեր, վիշտ
Դու խոսում ես, բայց կարծես,
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես և այնպես
Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում…
Լուսեղեն է խոսքերիդ
Իմաստը պարզ ու խորունկ,
Որպես մեղմ ու անառիթ
Գարնան անուշ մտորմունք…
Եվ անդորր է ձայնը քո,
Հաշտ է թախծոտ իր շեշտով,
Որպես անուշ երեկո՝
Լիքը սիրով ու վշտով։
Դու չե՛ս, դու չե՛ս, հեռավոր
Վարդենիներն են շրշում,
Ծովն է երգում լայն ու խոր
Ոսկեպայծառ մշուշում….
Իմաստուն է և արդար
Օրերի երգն անընդհատ,—
Դառը տանջանք ու դադար,
Եվ սեր, և վիշտ, և հեքիաթ…
Գիշե՜ր, գիշե՜ր, լռությո՜ւն,
Անուշ թախծի լուսե երգ.
Փռվի՛ր, փռվի՛ր իմ հոգում,
Խաղաղությո՜ւն անեզերք…