* * *

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 11-02-2013

Tagged Under :

Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած,
Խնդություն հեռացած և՛ անցած, և՛ անդարձ,—
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր…

Մշուշներն են սահում… Սոսավում է ուռին…
Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն.
Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն,
Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին…

Սև խոհեր անսպա՜ռ, անհամա՜ր, անհամա՜ր,
Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և հուշե՜ր ընդունայն,
Երազնե՜ր իմ անդարձ — ծաղիկնե՜ր իմ գարնան.
Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար։

***

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 31-01-2013

Tagged Under :

Կանչում են ինձ գիշերն ի բուն, աղաղակում իմ հոգում,
Իմ սրտի մեջ ճիչ են ճչում, իմ սրտի մեջ հեկեկում…

Արշալույսը դեռ չբացված նոքա կըգան՝ կըտանեն
Սվիններով շրջապատած, շղթայակապ ու անզեն։

Ոչ ոք, ոչ ոք չի ճչալու գիշերում այն ահավոր,
Լռելու են համր ու հլու — անարթուն ու խոր…

Արևավո՛ր իմ պատանի, կարմիր է քո հարսնացուն,
Սիրտըս քո մոր, սիրտըս քո մոր հեկեկանքով է լեցուն…

Դահիճների մթին խմբում կլինես դու միայնակ,
Եվ ամեն խոսք կըլինի թույն, ամեն ժպիտ՝ մի դանակ…

Ընկերներըդ չեն լսելու գիշերում այս դառն ու խոր,
Մենակ պիտի ընդունես դու Գողգոթան մեր նոր…

Եվ թշնամին պիտի ժպտա դեմքիդ՝ հանգիստ ու անահ,
Սիրտըս քեզ հետ, սիրտըս ահա ընդունում է խաչ ու մահ…

Հրահրուն ես և բոցավառ, արևածագ ալ-բոսոր,
Ո՞ւմ արյամբ ես ներկել կարմիր-կարմիր թևերըդ այսօր…

Շողերից ու ծաղիկներից չեմ հյուսի քեզ, երգ իմ, ո՛չ,
Արյան շիթ է ամեն մի վարդ, արցունք՝ ամեն մի բողբոջ…

Բանաստեղծություն 8

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 22-01-2013

Tagged Under : ,

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին…
Ես մոլորված մի կրակ, ես անհաստատ մի հոսանք,
Վիհե՜ր, վիհե՜ր անհատակ — տրտմություն ու ափսոսանք։
Օտար, երկիր, օտար հող, թախիծով լի երազներ,
Անրջանքներ մեղմ մարող, անվերադարձ հիացքներ։
Քաղցր է մութը քո գրկում, լույսը սև է առանց քեզ.
Այնպե՜ս մեղմ ես դու գգվում, դու լուսեղեն ես այնպե՜ս։
Դու իջնում ես որպես հուշ, որպես ուրիշ կյանքի լույս,
Քո հայացքում կա անուշ մեղմություն ու արշալույս։
Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ .անգին…
1907-1908