Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 28-02-2013

Tagged Under : , ,

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,—
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա…