Դու խոսում ես

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 04-03-2013

Tagged Under : , , ,

Դու խոսում ես, բայց կարծես,
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես և այնպես
Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում…

Լուսեղեն է խոսքերիդ
Իմաստը պարզ ու խորունկ,
Որպես մեղմ ու անառիթ
Գարնան անուշ մտորմունք…

Եվ անդորր է ձայնը քո,
Հաշտ է թախծոտ իր շեշտով,
Որպես անուշ երեկո՝
Լիքը սիրով ու վշտով։

Դու չե՛ս, դու չե՛ս, հեռավոր
Վարդենիներն են շրշում,
Ծովն է երգում լայն ու խոր
Ոսկեպայծառ մշուշում….

Իմաստուն է և արդար
Օրերի երգն անընդհատ,—
Դառը տանջանք ու դադար,
Եվ սեր, և վիշտ, և հեքիաթ…

Գիշե՜ր, գիշե՜ր, լռությո՜ւն,
Անուշ թախծի լուսե երգ.
Փռվի՛ր, փռվի՛ր իմ հոգում,
Խաղաղությո՜ւն անեզերք…

ԱՐՇԱԼՈՒՅՍ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 01-03-2013

Tagged Under : , , , ,

Դուրս ելա դաշտ —
Կանաչ ծով,
Կանաչ ծով էր, անափ ծով —
Առավոտն էր ժպտում հաշտ,
Բոցավառվում նոր բոցով…

Եվ ուղիներ բյուրավոր,—
Հեռավոր,
Կանչում էին, ակնարկում. —
Նոր էր սերըս, լայն ու խոր,—
Նոր էր աշխարհն իմ հոգում…

Թողի՛ տնակն իմ ավեր,
Մութ ու հին —
Ու հեռացա խնդագին. —
Անհա՜յտ, անհո՜ւն հեռուներ,
Ձեր գիրկն առեք իմ հոգին….

ՀԱՏՎԱԾ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 23-02-2013

Tagged Under : , , , , ,

Հոգնատանջ սրտով նստեցի մենակ
Աշխարհում աղոտ,
Անհայտ կողմերի մութ ճանապարհին,
Ավեր շենքերի մոխիրների մոտ,
Աշնան օրերի գունատ մահացող
Ծաղիկների մեջ, ցուրտ հողի վրա,
Ծանր երկնքի տաղտկորեն լացող
Անձրևների տակ. —
Մոռացա բոլոր հոգսերն առօրյա,
Ցանկություններըս ապարդյուն ու սին,
Անմիտ և ունայն տենչերիս ուղին,
Սուտ վարդերն ու սուր փշերը նրա
Մերժեցի ընդմիշտ, մատնեցի մահին,
Անդարձ մոռացա…
Եվ խավարն անհուն, գիշերն անթափանց
Իր լայն թևերը փռեց իմ վրա…
Լուսեղեն և սուրբ սիրո երազը
Խավարչտին կյանքում
Եվ երջանկության ցնորքներըս հին,
Եվ տառապանքի գիշերներն անքուն
Իմ սրտին ընդմիշտ օտար թվացին,
Օտար թվացին…

Եվ չըկար ոչինչ, որ սիրտըս դյութեր. —
Ո՛չ սիրո կարոտ, ո՛չ բախտի ծարավ,
Ո՛չ հարսւտության և մեծության բեռ,
Ո՛չ ապարդյուն փառք և ո՛ չ փայփայող
Ու սրբազան ցավ
Չարչարանքի և ինքնազոհության։
Եվ այնպես անգո՛ւյն, անմի՛տ, ապարդյո՛ւն,
Տաղտկալի՛ և սի՛ն
Թվաց ամեն ինչ աշխարհում անհուն,
Եվ ամենքն ընդմիշտ օտար թվացին
Եվ անդարձ հեռու…
Քար էր իմ սրտում, և ծա՛նր, և ցո՛ւրտ,
Եվ աշխարհն էր քար՝ սառն ու անխորհուրդ…
Երկինքն էր չարիս պաղ արցունքներով,
Լալիս էի ես մերժված ու խռով,
Եվ ցուրտ աշխարհում
Ինքըս իմ սրտին հարազատ չէի —
Ու ծաղր էր թվում հեկեկանքըս չոր…
Ես լալիս էի,
Բայց օտարի պես էի ունկնդրում
Ինքըս իմ հոգուն, ինքըս իմ լացին…
Ու մութ էր շուրջըս և խավարն անհուն, —
Իմ խաբված սրտում՝ մթամած գիշեր,
Եվ պաղ, և ծանըր, ծանըր որպես քար,
Եվ տաղտկությամբ լի և անվերջ երկար,
Անծիր ու անհուն —
Ու ոչ մի հեռվում լույս չէի փնտրում…
Եվ համր էր ընդմիշտ աշխարհն ինձ համար —
Եվ օտա՛ր և մութ. —
Ես ընկած էի անզոր ու մոլոր
Եվ հավետ մենակ և անդարձ մենակ,
Անանուն, անձայտ. անծանոթ հեռվում…
Ո՜վ ազատություն հավիտենական,
Մա՜հ, շշնջացին շուրթերըս տկար,
Եվ այդ շշուկը դառը չըթվաց.

Գրկեցի հողը մի ցուրտ ցանկությամբ,
Եվ նա իմ առաջ բացեց իր գիրկը
Անսուտ գգվանքով.
Եվ գերեզմանի խորշը ցրտաշունչ
Անուշ թվաց ինձ,
Որպես մայրական գիրկը սրտամոք
Պայծառ օրերում,
Որպես հեռավոր երկրում մոռացված,
Մայրական երգի սիրով օրորվող
Թովիչ օրորան…
Մա՜հ, շշնջացի, և սիրտըս նրան
Ընդունեց սիրով, որպես գթառատ
Հեկեկանքը մոր նուրբ կարեկցության.
Եվ հեռացա ես ու հեռացա ես
Մի անհայտ կամքի զորությամբ անուշ
Հեռո՜ւն ու հեռո՜ւն. —
Ողջը մոռացա օտար աշխարհում,
Անդարձ աշխարհում…
Ու խավարն անհուն գգվանքով թեթև
Ծավալվեց շուրջըս ու փռվեց վրաս.
Եվ կյանքըս բոլոր մի երկարատև
Նինջ թվաց հոգուս, մի տխուր երազ. —
Նրբին մի համբույր հեռու օրերում.
Մանկական մի երգ, որ չունի անուն,
Որ չունի անուն…
Ինձ ահեղ թվաց խնդությունըս նոր,
Կարծես մի վերին և նուրբ հրաշքով
Լուսացավ իմ մեջ առավոտն անհուն —
Ու թեթև թվաց կյանքըս երկրային,
Որպես առվակը սարերից իջնող,
Որպես ամպերի շարքը ոսկեղեն
Գարնան արևող երկնքում չվող…
Ու թվաց հանկարծ, որ չըկան, չըկան
Անցյալն, ապագան…

Թվաց, որ մի սիրտ իմ վիշտն է գգվում,
Հանգիստ է ասում բոլոր հույզերին,
Բոլոր հույսերին օրոր է ասում,
Օրոր է ասում,
Բաբախուն սիրտըս գրկել է ուզում,
Գգվել է ուզում
Անխաբ խնդության ոսկե երազում…
Թվաց, որ մեկը իմ ցավն է երգում,
Իմ լացն է լսում,
Իմ լռությունն է գգվում իր գրկում. —
Եվ իր մեծ հոգում,
Իր անհուն հոգում՝
Իմ սրտից խորն է թախիծըս զգում…

Ճիչ հանեցի ես սիրով լուսեղեն,
Աղաղակեցի օրհներգու ձայնով,
Սիրտըս նետեցի քարին ու ջրին,
Խառնեցի հոգուս աստղերի երգին,
Պարզեցի կյանքըս պարզ ու խնդագին
Հավիտենությա՜ն,
Հավիտենության…

ԱՂԲՅՈԻՐ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 31-01-2013

Tagged Under : , , , ,

Ալ. Ծատուրյան

Մահու պես դաժան ձմեռն է իջել,
Մարել են, մեռել — երգ, ծաղիկ ու բույր.
Դու քար ցրտում էլ, ձյուների մեջ էլ,
Հավետ կենդանի, կարկաչո՜ւն աղբյուր…

Ժեռ սարի կրծքից դու դուրս ես թռչում,
Սառույցը ճեղքում — գոհարներ ցողում,
Ծաղրանքով ձյունի երեսն ես թրջում,
Մռայլ երկնի դեմ պայծառ ծիծաղում։

Քո մեջ ապրում է հույսը չըմարող…
Դո՜ւ, որպես գալիք գարունների լուր,
Դո՜ւ, որպես սերը՝ մահու դեմ՝ կարող —
Ազատության ե՜րգ, կարկաչո՜ւն աղբյուր…

Շիրակ, 1905

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 24-01-2013

Tagged Under : ,

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…
Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…
1908

բանաստեղծություն 9

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 22-01-2013

Tagged Under : , ,

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը չցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…
1908

ՀԻՎԱՆԴ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 18-01-2013

Tagged Under : , ,

Քնքուշ երազով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս
Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։
Օտար դաշտերի անանց մշուշում
Տըխուր լռության գիշերն է իջել —
Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
Մի լուսե երգ է իմ հոգում ննջել…
Քո պայծառ գահից մեղմորեն իջիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս,
Անուշ երազով սիրտըս պաճուճիր,
Ցնորք հուշերով ամոքիր հոգիս…
1907

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 16-01-2013

Tagged Under : ,

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։
Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքըս խորտակիր…
Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թ՛ող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։
Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո գռութող…
1906

Բանաստեղծություն 5

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 15-01-2013

Tagged Under : , , , ,

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան…
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…
1905-1906

Բանաստեղծություն 4

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 14-01-2013

Tagged Under : , ,

Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի…
Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կժպտամ բախտավորի պես,—
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե…
1905