Բանաստեղծություն 21

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 29-01-2013

Tagged Under : , ,

Կրկին հնչում է թունավոր լեզուդ
Եվ քո խոսքերի նիզակները սուր,
Եվ քո համբույրը, որպես քաղցր սուտ.—
Բախտ են խոստանում իզո՛ւր և իզու՛ր…
Իմ մեջ մարել է մի լույս արեգակ,
Մահու գիշերն է մթնել իմ հոգում,—
Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ,
Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում…
Կանգնել ես որպես անհաղթ հրապույր,
Մոտեցար ահա կարող ու խոնարհ,
Մթնում բորբոքվեց մի արնոտ համբույր,
Մեղքի պես թովիչ , ցավի պես խելառ։
Օձեղեն մարմնով փարվել ես կրծքիս,—
Եվ քո ցանկության ահեղ փոթորկում
Անեծք է թափում անկարող հոգիս
Եվ անհ՛ույս ճչում քո թունոտ գրկում…
1908