ՄԱՀ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 20-02-2013

Tagged Under : , , , ,

Մարիր լույսը մշուշոտ,
Սև հուսերըդ արձակիր,
Դու իմ դահիճ, դու իմ քույր,
Դու իմ ընկեր տարագիր,
Էլ մի՛ կրկնիր, մոռացիր
Խոսքերն անմիտ ու պատիր,—
Լուռ տանջանքով, խավարով
Փայփայիր ու փարատիր…
Փարվի՛ր, փարվի՛ր ինձ ամուր,
Մեղսոտ սիրով սիրիր ինձ,—
Մեխիր սուրըդ կուրծքըս բաց,
Թող թույն լինի և թախիծ։
Արդեն գիշեր, արդեն մութ,
Անանց խավար է արդեն,—
Եղիր հզոր ու անգութ,
Չար ժպիտով ել իմ դեմ…
Երգի՛ր խավար և անկում,
Ինձ տանջի՛ր և ամոքի՛ր,—
Այրի՛ր սիրտըս, թող լինի
Այնտեղ ավեր ու մոխիր։
Ցուրտ համբույրով համբուրիր,
Այրիր բոցով նրա ցուրտ —
Վերջին սիրով անպատիր,
Անվախճան ու անհագուր՛դ…
Իմ ցավագին աղոթքին
Ունկնդրի՛ր ու երևա՛,
Քո հաղթության ու սիրո
Կնիքը դիր իմ վրա…

ԱՂԲՅՈԻՐ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 31-01-2013

Tagged Under : , , , ,

Ալ. Ծատուրյան

Մահու պես դաժան ձմեռն է իջել,
Մարել են, մեռել — երգ, ծաղիկ ու բույր.
Դու քար ցրտում էլ, ձյուների մեջ էլ,
Հավետ կենդանի, կարկաչո՜ւն աղբյուր…

Ժեռ սարի կրծքից դու դուրս ես թռչում,
Սառույցը ճեղքում — գոհարներ ցողում,
Ծաղրանքով ձյունի երեսն ես թրջում,
Մռայլ երկնի դեմ պայծառ ծիծաղում։

Քո մեջ ապրում է հույսը չըմարող…
Դո՜ւ, որպես գալիք գարունների լուր,
Դո՜ւ, որպես սերը՝ մահու դեմ՝ կարող —
Ազատության ե՜րգ, կարկաչո՜ւն աղբյուր…

Շիրակ, 1905