ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 15-03-2013

Tagged Under : , , ,

Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ։

Իմ սրտի թագուհին հեռավոր,
Հեռավոր կողմերում է հիմա,
Պարզել եմ երազներըս բոլոր,
Ցնորքներըս բոլոր դեպի նա։

Ու թեև գիտեմ, որ մենք բնավ
Չըպիտի հանդիպենք իրարու,
Բայց արդեն իմ սրտում չըկա ցավ,—
Օրհնում եմ նրա կյանքը հեռու։

Եվ աշխարհը պայծառ է նորից,
Երկիրը հարազատ է դարձյալ,
Օրորում են անուշ մի թախիծ,
Եվ գալի՛ք, և ներկա՛, և անցյա՛լ…

Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, և անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ…

ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 18-01-2013

Tagged Under : ,

Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—
Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։
Բարձր տների պատուհաններում
Պայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ.
Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում,
Ւնձ համար չկա այսօր ու երեկ։
Կես գիշերն անցավ… Ես տուն չեմ գնում.
Երկար, անդադար մայթերն եմ մաշում.
Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում,
Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում…
Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրջում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ։
Ձմեռ, 1907-1908