Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 24-03-2013
Անհայտ կողմերից անտես թևերով,
Հրաշքով անուշ դու վերադարձար,
Շուրջըս փռեցիր քո վիշտը պայծառ,
Գգվեցիր հագիս տխուր խոսքերով…
Հիվանդ կարոտիս հրաշք-երազում
Թվաց, որ դու էլ թույլ ես ու վհատ,
Որ դու էլ ես իմ կարոտով հիվանդ,
Որ քո սիրտն էլ է հրաշք երազում…
Պարզեցինք իրար սրտներըս տխուր
Եվ չըպահեցինք արցունքներըս տաք,
Մեր տխրությունը մեղմ էր և հստակ,
Ու շուրջն աշխարհը և՛ կար, և՛ չկար…
1909
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 16-01-2013
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…
1906