Մեղմիվ փռվեց քնքուշ մութ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 03-03-2013

Tagged Under : , , ,

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ —
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե ր իմ փութանցիկ…

Ժանյակները լուսազարդ
Լայն երկնքի ծովերում
Հյուսվածներով անավարտ
Մոռացումս են օրորում…

Ժըպիտներով խաղացկուն
Երգն է ձուլվել իմ կյանքին,—
Սեր ու երգ է իմ հոգում,
Սիրո երգ է իմ հոգին…

Իմ սիրո պես խոր ու մեծ
Շուրջըս աշխարհն է ծփում.—
Ոսկի հեքիա՛թ, ո՞վ պատմեց
Քեզ կախարդված իմ հոգուն…

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ,
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե՜ր իմ փութանցիկ…

ԱՐՇԱԼՈՒՅՍ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 01-03-2013

Tagged Under : , , , ,

Դուրս ելա դաշտ —
Կանաչ ծով,
Կանաչ ծով էր, անափ ծով —
Առավոտն էր ժպտում հաշտ,
Բոցավառվում նոր բոցով…

Եվ ուղիներ բյուրավոր,—
Հեռավոր,
Կանչում էին, ակնարկում. —
Նոր էր սերըս, լայն ու խոր,—
Նոր էր աշխարհն իմ հոգում…

Թողի՛ տնակն իմ ավեր,
Մութ ու հին —
Ու հեռացա խնդագին. —
Անհա՜յտ, անհո՜ւն հեռուներ,
Ձեր գիրկն առեք իմ հոգին….

* * *

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 05-02-2013

Tagged Under : , , ,

Իմ դուռը բաց է, եկե՛ք բոլոր
Անուղիներըդ, բաց է հոգիս,
Ով թափառում է ուղեմոլոր.
Ում սիրտը չունի քուն ու հանգիստ…
Ում հոգին խոց է, ում օրը` մութ,
Ում տխրությունը դառն է ու խոր,
Վառ է իմ բոցը, կանչըս՝ անսուտ,
Եկե՛ք բոլորըդ — որբ ու անզոր։
Ես էլ անգետ եմ, մոլոր ձեզ պես,
Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ,
Բայց միշտ ձեզ հետ եմ, եղբայր եմ ձեզ,
Ձեզ պես անզոր եմ, ձեզ պես անզեն։
Հոգիս բացված է ծաղկի նման,
Իմ սերը խորն է և անսպառ,
Չէ՞ որ լոկ սերն է, սերն է վահան,
Եվ սիրտն է, սիրտն է սրտին ասպար…