ԴԱՐՁ
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 22-01-2013
Tagged Under : Vahan Teryan, հեկեկալ, Տերյան, տխուր ժպիտ
Մի օր առհավետ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։
Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս —
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։
Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով,
Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ…
25/I 1908