ԻՆՔՆՕՐՈՐՈՒՄ
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 11-02-2013
Tagged Under : հանդարտի՛ր, Սիրտ իմ
Գիշեր է իջել. լռել են բոլոր
Աղմուկները չար, խոսքերը պատիր
Ջրերը մեղմիվ երգում են օրոր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր…
Հանգչում է վաղուց անտուն ու մոլոր
Թափառականը մեն ու տարագիր,
Աստղերը խմբով երգում են օրոր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր…
Լա՛ց վերջին լացըդ, սի՛րտ իմ մենավոր,
Վերջին արցունքըդ — հեկեկա՛, թափի՛ր, —
Երազ, երգ ու սեր, օրո՜ր ու օրո՜ր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր…
(1911)