Երբ կյանքը սուր փշերով

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 28-03-2013

Tagged Under :

Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
Էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջը, շուրջը ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։
Դու կըլինես իմ հոդում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Ե՛վ անմարմին, և՛ անտես։
Մեզ ամեն ինչ այս երկրում
Հմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք-անկարծ հանդիպում…
Երբ կըլինենք մենք հեռու,
Անվերադարձ և օտար,
Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
Հավերժաբար դու գտար…

ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 15-03-2013

Tagged Under : , , ,

Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ։

Իմ սրտի թագուհին հեռավոր,
Հեռավոր կողմերում է հիմա,
Պարզել եմ երազներըս բոլոր,
Ցնորքներըս բոլոր դեպի նա։

Ու թեև գիտեմ, որ մենք բնավ
Չըպիտի հանդիպենք իրարու,
Բայց արդեն իմ սրտում չըկա ցավ,—
Օրհնում եմ նրա կյանքը հեռու։

Եվ աշխարհը պայծառ է նորից,
Երկիրը հարազատ է դարձյալ,
Օրորում են անուշ մի թախիծ,
Եվ գալի՛ք, և ներկա՛, և անցյա՛լ…

Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, և անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ…

Դառն օրերի տառապանքում

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 10-03-2013

Tagged Under : ,

Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ,
Խավար կյանքի ուղիներում չարակամ,—
Հոգիս լսեց սիրակարոտ մի շշուկ,
Մեկը սրտիս թաքուն ժպտաց. — «ես կըգա՜մ»։

Տրտունջների խավար ու չար վիհերում,
Ուր հոգնատանջ հոգիս թույլ էր ու վհատ,
Մի անկարծ լույս արշալուսեց մութ հեռուն,
Եվ իմ կյանքը դարձավ անուշ մի հեքիաթ…

Դու չքացել ես

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 06-03-2013

Tagged Under : , , ,

Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը՝ երազ։

Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։

Քաղցր պատրանք էր,
Խաբող ժպիտ,
Կարոտիս երգն էր
Պայ ծ առ հոգիդ։

Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ. —
Կյանքը՝ հեքիա՛թ է,
Աշխարհը՝ սո՛ւտ…

Գարնան լուսե ամպի նման

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 04-03-2013

Tagged Under : , , , ,

Գարնան լուսե ամպի նման՝
Այս խավար կյանքում
Դու նետել ես մի թովչական
Ժպիտ իմ հոգուն։

Մոլոր սրտիս տառապանքի
Անլույս աշխարհում
Դու վառել ես մի այլ կյանքի
Արևոտ հեռուն։

Դրոշմել ես բոցե կնիք
Մեռած իմ հոգում.
Դո՛ւ իմ հավատ, իմ հայրենի՛ք,
Դո՛ւ իմ փրկություն…

1911

Ոսկեցոլուն հայացքիդ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 27-02-2013

Tagged Under : , , ,

Ոսկեցոլուն հայացքիդ
Լույսն է ցոլում այս կյանքում,
Քրոջական պարզ հոգիդ
Միշտ փարված է իմ հոգուն։

Միշտ հնչում է միամիտ
Քո խոսքերի նուրբ լեզուն,—
Քո ժպիտն է անժպիտ
Ուղիներըս փարոսում։

Քո գգվանքը, որ չըկա,
Տրտմությունըդ գեղեցիկ,
Հույզըդ մաքուր աղջկա,
Ժպիտներըդ խաբուսիկ։

Ո՞ւր ես, ո՞ւր ես՝ չըգիտեմ,
Բայց ըզգում եմ ամենուր
Քո ըստվերը լուսեղեն,
Քո հայացքը ոսկեհուր…

Դու ես ամեն իրիկուն
Խոցում սիրտըս քո սրով
Եվ ժպտում ես իմ հոգուն
Եվ ամոքում քո սիրով։

Ոսկեցոլուն հայացքիդ
Լույսն է ցոլում այս կյանքում,
Քրոջական պարզ հոգիդ
Միշտ փարված է իմ հոգուն…

ԿՅԱՆՔԻ ՈՐԲԵՐԸ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 31-01-2013

Tagged Under : , , , ,

Դալուկ ու կնճռոտ, դեմքերով տխուր,
Կյանքի որբերն են անցնում համրորեն.
Աչքերն անարցունք, շրթունքները լուռ,
Մենակ, դժնադեմ…

Ա՜խ, ես սիրում եմ այդ վշտածրար
Դեմքերը դաժան՝ տառապած մարդոց,
Որ մենակ շավղով օրորում են հար
Նոր արևի բոց….

Կյանքի որբերը…. վշտերով սնված,
Փըշոտ ճամփեքից ոտքերը արնոտ,
Մարդկանցից մերժված, բախտից հալածված,
Ճակատներ կնճռոտ…

Ուրուրների պես մտքերի հետքին
Գնում են անդուլ, գնում են անվերջ —
Անլուր աշխարհի անմիտ անեծքին
Գնում են հավերժ…

Մենակ ոգիներ, մերժված խոսքի պես,
Հոգուս եղբայրներ, սև կյանքի որբեր,
Եկեք իմ գիրկը, գուրգուր եմ ես ձեզ,
Մենակ ոգիներ…

(1906)