ՄՈՌԱՑԱԾ ՈԻՂԻՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 11-02-2013

Tagged Under : , ,

Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Ծաղիկների մեջ, լուսեղեն այգում
Շրջում է և ինձ կանչում է կրկին,
Ցերեկը տրտում, գիշերը անքուն
Հեռու դղյակի քնքուշ թագուհին։

Կար մի դյութական ուրիշ ժամանակ,
Երբ նրա կանչի հըրաշքին հլու՝
Ես թողնում էի օրերըս մենակ
Եվ այս աշխարհից սլանում հեռու…
Կար մի դյութական ուրիշ ժամանակ…

Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ՝
Թողնում էի այս վայրերը թառամ,
Սլանում, որպես լուսեղեն մի ամպ,
Եվ փարում նրան, փայփայում նրան,
Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ։

Հիմա չգիտեմ այն լուսե ուղին,
Բայց զգում եմ դեռ, զգում եմ՝ ինչպես
Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Կանչում է ինձ միշտ, կանչում է, բայց ես
Արդեն չըգիտեմ այն լուսե ուղին…

ԳԱՐՈՒՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 22-01-2013

Tagged Under : , , , , , ,

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
1908