ԻՄ ՑՆՈՐՔԻՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 29-03-2013

Tagged Under : , , ,

Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել
Շուրթերըդ մւսքուր, կուրծքըդ դողդոջուն,
Ո՞վ է քո անուշ աչքերը վառել
Այս աղջամուղջում…

Խավար օրերի երազում դժգույն
Հայտնվում ես դու արշալույսի պես,—
Պոետը քեզ է երազում անքուն
Ու պաշտում է քեզ։

Գեղեցկությունըդ վառված է բոցե
Դաշույնի նըման սև կյանքի վրա. —
Թող կարոտ սիրտըս մահացու խոցե
Եվ թող չերերա…

Գեղեցկությանըդ, որպես մահապարտ,
Երկրպագում է բանաստեղծը միշտ
Եվ ողջունում է խնդությամբ հպարտ
Տառապանք ու վիշտ։

Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել
Շուրթերըդ մաքուր, կուրծքըդ դողդոջուն,
— Ո՞վ է քո ոսկի ժպիտը վառել
Այս աղջամուղջում…

Արշալուսեց իմ երկիրն աղոտ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 24-02-2013

Tagged Under : , ,

Արշալուսեց իմ երկիրն աղոտ
Եվ իմ գիշերը սևավորված,—
Խորհրդավոր էր և արևոտ,
Եվ անհուն նրա հայացքը պարզ։

Շուրջըս մռայլ էր, և հեռուն մութ,—
Նա իմ սև կյանքում վառեց մի հուր,—
Ամեն ինչ թվաց հեքիաթ ու սուտ,
Չըգիտեմ՝ ե՞րբ էր, չըգիտեմ՝ ո՞ւր…

Նրա խոսքերի մեղմ օրորում
Աշխարհը թվաց ինձ անեղերք,—
Կարծես հնչում էր իմ օրերում
Աստղերի երկրում հյուսված մի երգ…

Ոսկի հայացքով ինձ պարուրեց,
Խաղաղ ժպիտը փռեց վրաս,
Մեղմիվ խոսեց և անուշ լռեց,
Ու թախծոտ կյանքըս դարձավ երազ…