Եթե կողմերում հեռու-հեռավոր

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 22-03-2013

Tagged Under : , ,

Եթե կողմերում հեռու-հեռավոր
Վրդովվի հոգիդ, տիրե քեզ հուզում՝
Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր,
Մթնում մոլորված, քեզ է երազում։

Եվ եթե սիրտըդ սիրով թրթռա,
Եվ զգաս անհայտ երգի մի հնչյուն՝
Այն ես եմ անվերջ խորհում քո վրա,
Հեռավոր-հեռվից կարոտով կանչում։

Գարնան օրերի ժպիտով սիրուն
Ոսկի հայացքըդ ժպտում է հոգուս,
Հուսավառված է իմ սև օրերում
Անուշ անունըդ, որպես արշալույս…

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 03-03-2013

Tagged Under : , , ,

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ —
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե ր իմ փութանցիկ…

Ժանյակները լուսազարդ
Լայն երկնքի ծովերում
Հյուսվածներով անավարտ
Մոռացումս են օրորում…

Ժըպիտներով խաղացկուն
Երգն է ձուլվել իմ կյանքին,—
Սեր ու երգ է իմ հոգում,
Սիրո երգ է իմ հոգին…

Իմ սիրո պես խոր ու մեծ
Շուրջըս աշխարհն է ծփում.—
Ոսկի հեքիա՛թ, ո՞վ պատմեց
Քեզ կախարդված իմ հոգուն…

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ,
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե՜ր իմ փութանցիկ…

Խոսքերըդ վճիտ են ու խորունկ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 25-02-2013

Tagged Under : , ,

Խոսքերըդ վճիտ են ու խորունկ,—
Այնպես պա՜րզ, այնպես պա՜րզ ես ժպտամ.
Եվ ահա տրտունջ ու մտորմունք
Հանգչում են մրրկված իմ սրտում…
Ընդունում ես աշխարհը բոլոր,—
Օրհնում ես, օրհներգում ու սիրում,
Եվ խոհերըս, խոհերըս մոլոր
Մոռացված են մեռած օրերում։

Ու թվում է, թվում, որ դու չես
Արևող ժպիտով ակնարկում,
Որ ուրիշ լուսով եմ դյութված ես,
Որ քեզ չեմ, ուրիշին եմ երգում…