ՈԻՐՎԱԿԱՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 02-03-2013

Tagged Under : , , ,

Մթնշաղային ժամերին, երբ ես,
Ընկնում եմ, հոգնած օրերից ունայն,
Հայտնվում ես դու նուրբ ու լուսերես
Ու հետըս նստում քնքշությամբ անձայն —
Եվ փայփայում ես, օրորում ես քո
Անխոս գգվանքով ամեն երեկո…

Ընդունում եմ քո համբույրը նրբին,
Ուրվականային փայփայանքըդ ես,
Երբ լույս է և մութ-մթնշաղ, երբ իմ
Ցնորքը հիվանդ հնազանդ է քեզ.
Ու քեզ հետ նստած, գիտեմ,— դու չես այն,
Ըստվերդ է միայն, ըստվերդ է միայն….

Բանաստեղծություն 18

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 26-01-2013

Tagged Under : , ,

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…
1908