Իրիկնաժամի կիսախավարում

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 18-03-2013

Tagged Under : , , , ,

Իրիկնաժամի կիսախավարում,
Կապույտ լույսերի ցոլքերում ճոճուն,
Հայտնվում է նա, մեղմագին փարվում,
Գունատվում է լուռ ու էլ չի շնչում։

Ծանոթ է ինձ այն ժպիտը անհույզ,
Եվ այն պատկերի գծերը նրբին,
Եվ այն հայացքը մեղմ ու ոսկելույս,
Եվ երգը անխոս և իրիկնային։

Նստում ենք անվերջ մենք մեկ-մեկու մոտ
Եվ չեմ հավատում, որ նա է, որ նա…
Այնքան թովիչ է, այնքան անաղոտ,
Ցնորք է կարծես, պիտի հեռանա…

ԱՆՏՐՏՆՋՈԻԹՅՈԻՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 01-03-2013

Tagged Under : , , ,

Արծաթաշող առուն առվին
Ձայն է տալիս ու երգում,
Անտրտունջ է լալկան ուռին,
Ուռին առվի եզերքում…

Շուրջըս ահա գիշեր ու երգ —
Հանգի՜ստ, հեքիա՜թ ու երա՜զ.
Կույս ամպերը՝ ճերմակ ու մերկ,
Աստղերն՝ անո՜ւշ, հեզանա՜ զ։

Սի՛րտ իմ հոգնած, մեղմ օրհներգիր
Հնազանդ ու ցնորուն,
Երկինք ու ծով, ամպ ու երկիր,
Այս մարգերն ու այս առուն։

Եղիր դու էլ պայծառ ու հեզ,—
Հեքիա՜թ, հանգի՜ստ ու երա՜գ,
Ծաղկանց ու կույս ամպերի պես,
Աստղերի պես հեզանազ….

Արծաթաշող առուն առվին
Ձայն է տալիս ու երգում,
Անտրտունջ է լալկան ուռին,
Ուռին առվի եզերքում…

1911

Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 24-02-2013

Tagged Under : , , ,

Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ
Անհայտ կողմերից իմ երկրի վրա,
Դյութել է հոգիս հայացքը նրա
Եվ իմ երգերը համր են ու անվարժ…

Բացված է արդեն մի ուրիշ երկիր,
Ես այստեղ եմ, բայց ուրիշ եմ հիմա,—
Ոսկի հայացքով կախարդել է նա,
Այլ սիրով լցրել հոգիս վշտակիր…

Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ,
Խոցված է ոսկի շողերով նրա,—
Նրա կնիքն է իմ հոգու վրա —
Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն…

Դանդաղ սահում են օրերը

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 22-02-2013

Tagged Under : , , , ,

Դանդաղ սահում են օրերը դժկամ,—
Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ.
Լույսերըս ոսկի ընկան ու հանգան —
Ցաված է սիրտըս,— փայփայեցե՛ք ինձ…

Լռել է հեռվում երգը ցնծության,—
Եվ գուցե չըկար իմ ծնված ժամից,
Գուցե ես ինքս եմ հնարել նրան,
Որ սուտ հուշերով մխիթարեմ ինձ…

Տխուր ամպերը կամար են կապել. —
Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ,
Դուք կարող եք գեթ սուտ սիրով խաբել,—
Հիվանդ է սիրտըս.— փայփայեցե՛ք ինձ…

ԻՄ ԵՐԳԵՐԻՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 22-02-2013

Tagged Under : , , , ,

Մարդոց երկրում անտարբեր,
Ցուրտ աշխարհում, արդյոք ո՞վ
Կընդունե ձեզ գգվանքով,
Իմ երազնե՛ր, իմ երգե՛ր…

Այս օրերում ապական,
Կյանքի անարգ խնջույքում —
Ո՞վ կըգգվե կուսական
Ձեր թախիծը իր հոգում։

Ո՞վ վշտաբեկ ու տրտում
Կարձագանքե ձեր խոսքին,—
Ձեր նվագը ցավագին
Ո՞վ կըպահե իր սրտում…

Ո՞ւմ համար եք դուք հնչում,
Մեղեդիներ սգավոր,—
Արդյոք ո՞վ կա հեռավոր,
Որ ձեր ցավով է տանջվում….

ԱՇՆԱՆ ԳԻՇԵՐ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 11-02-2013

Tagged Under : ,

Չըգիտեմ՝ որտեղի՛ց է գալիս
Ջութակի հեկեկանքը տրտում
Եվ լալիս է անվերջ ու լալիս
Եվ անվերջ ծավալվում իմ սրտում։

Անհույս է այդ երգը, որպես մութ
Գիշերըս, գիշերըս աշունքվա. —
Կարծես՝ սուգ են անում և անգութ
Եվ դառը լալիս են իմ վրա…

Այնքան վիշտ կա անհույս այդ երգում,
Այնքան դառը տանջանք ու թախիծ,
Եվ անվերջ, հավիտյան է երգում,
Հեկեկում այդ երգը այնտեղից.,.

Եվ ձուլված է արդեն իմ հոգուն,
Իմ բոլոր օրերին է ձուլված.
Տրտմություն է իմ շուրջն ու բեկում,
Իմ հոգում է անվերջ սուգ ու լաց…

Ա՜խ, բոլոր կողմերում է թախիծ,
Ամե՜ն տեղ է փռված տրտմություն.
Եվ արդյոք՝ որտեղի՞ց, որտեղի՞ց
Սպասեմ ավետիք ու խնդում…

ՓՈՂՈՑԻ ԵՐԳԸ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 11-02-2013

Tagged Under : ,

Պատուհանիս տակ լալիս է կրկին
Թափառիկ երգչի երգը ցավագին,—
Տխուր այդ երգը վաղուց եմ լսել,
Կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել,
Կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում,
Կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում։

(1909)

* * *

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 05-02-2013

Tagged Under : , ,

Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին
Անհայտ ընկածին…

Օտ՛ար դաշտերում, պաղ կյանքերի մեջ
Ընկնում են անվերջ,

Վաղաժամ մեռնող թերթերի նման
Թափվում են անձայն…

Նոցա արյունից կվառվի մի օր
Վրեժն ահավոր,

Նոցա խոսքերը նորից կըհնչեն,
Կռվի կըկանչեն,…

Կըլինի մի օր՝ զայրույթը կ՛արող,
Երկինք, ծով ու հող…

Լաց,, լաց,, իմ մուսա, մարդիկ չլացին
Անհայտ ընկածին,

Ե՛վ քո երգերում, և՛ տխուր լացում
Կոչիր հատուցում։