ԴԱՇՏԵՐՈՒՄ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 25-03-2013

Tagged Under : , ,

Հեռածավալ դաշտերում,
Մոռացված ու մենավոր,
Մոռացել եմ ես հեռվում
Աղմուկները հեռավոր։

Lուռ նստում եմ առվի մոտ,
Անուշ հեքիաթ եմ լսում,
Երեկո և առավոտ
Խաղաղ սրտով երազում։

Գիշերն իր ծովն է փռում,
Արշալույսն՝ իր ծիրանին,
Եվ իմ հոգում և հեռվում
Քո ցնորքն է անմարմին։

Քո հեքիաթն եմ պարզել ես
Այս աշխարհի հեքիաթում
Եվ աղոթել անվերջ քեզ,
Երկրպագել իմ սրտում։

Թափառում եմ և երգում,
Աշխարհը՝ մեծ, սիրտըս՝ լայն,
Քո ցնորքն է ինձ գրկում,—
Ոսկեղեն ու դյութական։