Սին խոսքերի մեջ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 07-03-2013

Tagged Under : , ,

Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում
Շրջում եմ, բայց միշտ, հեռո՛ւ եմ, չըկամ.
Ապրում եմ թաքուն և իմ հեզ հոգում
Աղոթք եմ անում ցնորք-աղջկան…

Ձեզ հետ եմ, բայց միշտ հեռո՜ւն եմ, հեռո՜ւն,—
Ունեմ ես թովիչ մի առանձնարան, —
Տանջանք է այնտեղ և զոհաբերում,
Եվ թախիծ, և երգ, և աղոթք նրան…

Եվ այնտեղ է նա,— ոչ այս աշխարհում,—
Մաքուր ու պայծառ պատկերը նրա.
Ես տառապանքըս բախտ եմ համարում
Ու ծիծաղում եմ ձեր բախտի վրա…

Դու հասկացար

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 03-03-2013

Tagged Under : , ,

Դու հասկացար տագնապները իմ հոգու,
Տրտմությունըս անսպառ.
— Մենք առհավետ շղթայված ենք մեկմեկու։

Կյանքըս մութ էր, հոգիս ցաված ու խավար,
Եվ օրերըս — միայն ցավ.
— Իմ սև երկրում ժպտացիր դու լուսավառ…

Եվ քո փայլով իմ աշխարհը լուսացավ,
Չըկան վիհերն իր անել.
Քաղցր է հիմա, լուսավառված, խինդ ու ցավ
— Ո՞վ կարող է ինձ քեզանից բաժանել…