ՓՈՂՈՑՈԻՄ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 09-03-2013

Tagged Under : , ,

Գիշերվա փողոցները թափուր
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և՛ քաղցր, և՛ տխուր,
Երազով դյութական ու հստակ…

Աշխարհում այս աղոտ, ես քնքուշ
Մի հեքիաթ հյուսեցի քո մասին,
Պատկերըդ լուսեղեն ու անուշ
Պարզեցի կյանքի չար երա զին…

Մեկնեցի վիճակըս անժպիտ
Օրերիդ օրորի՜ ն, օրորի՜ն,
Կույս հոգուդ խնդությանը վըճիտ,
Հայացքիդ տխրությանը խորին…

Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն…

ԹԱԽԻԾ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 21-02-2013

Tagged Under : , , , ,

Ամայի փողոցում մեգ-մշուշ,
Լռություն է մեռած.
Կարոտ է իմ սիրտը քո անուշ
Գգվանքին, իմ երա՛զ…

Հեռավոր կողմերից, հեռավոր,
Հայտնվի՛ր լուսավառ,—
Անհուն է գիշերըս ահավոր,
Եվ դժնի, և խավա՛ր։

Իմ սերը անարատ է ու խոր,
Իմ հոգին՝ հնազանդ,—
Ամոքիր իմ սիրտը մենավոր,
Իմ թախիծը հիվանդ։

Մահից չեմ վախենում, գալիքին
Նայում եմ հավատով,—
Կարոտ է սիրտըս քո հմայքին
Մաքուր ու հոգեթով։

Աղոթքըս պարզ է և նրբահյուս,—
Մեռնողի վերջին կա՛նչ,—
Հայտնվիր որպես լույս-արշալույս,
Իմ հոգուն մահատանջ…

Ամայի փողոցում մեգ-մշուշ,
Լռություն է մեռած.. —
Հայտնվիր հմայքով քո անուշ,
Իմ երա՛զ, իմ երա՛զ…