Դու գալիս ես մութ գիշերապահին

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 22-02-2013

Tagged Under : , , ,

Դու գալիս ես մութ գիշերապահին
Եվ լինում ես լուռ.
Ես չեմ հիշեցնում ցնորքներըդ հին,
Չեմ վրդովում քեզ խոսքերով տխուր։

Ես հասկանում եմ քո խենթ աչքերի
Հըրեղեն լեզուն,
Խոնարհ եմ լինում ես, որպես գերի,
Եվ տրտմության սև խոսքեր չեմ ասում։

Վառվում է մոմը դողդոջ փայլերով
Հեռու անկյունում,—
Ելնումես անխոս, հպարտ քայլերով,
Մահապարտի պես այնտեղ ես գնում։

Եվ շշնջում է հագուստը թափվող
Վարագույրի մոտ, —
Փռվում է դառը ցնծության մի դող
Ու ողջ աշխարհը դառնում է աղոտ…

Կանգնում ես դու մերկ, թագուհիդ՝ խոնար
Իսկ ես՝ քո գերին.
Քո թագավորն ու դահիճն եմ խավար
Եվ սահման չըկա չար տանջանքներին…

* * *

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 16-02-2013

Tagged Under : , ,

Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ,
Լիք-լցված սրտով նստեմ միայնակ,
Գրկեմ վարդերըս դալուկ, դժգունակ,—
Մեռնող վարդերըս փայփայեմ ու լամ։

Այս ցուրտ հյուսիսի թախծալի աշնան
Անձրևոտ օրվա մութ երկնքի տակ,
Ամայի դաշտում նստեմ միայնակ,—
Մեռնող հուշերըս փայփայեմ ու լամ…

Անծիր աշխարհի դժկամ ու դաժան
Ուղիների մեջ իմ սերը կորած
Էլ չըորոնեմ։ Մթնում մոլորված՝
Դառը խոհերըս գրկեմ, հեկեկամ,
Անվե՛րջ հեկեկամ…