Ես չեմ հիշում

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 28-02-2013

Tagged Under : , , ,

Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր
Հանդիպեցի քեզ, ու դու
Վրդովեցիր համր ու լուռ
Հանգստությունն իմ հոգու…

Գիտեմ, գիտեմ այս աղոտ
Երկրում քեզ չեմ գտնելու,—
Դու անհայտ ես, անծանոթ,
Դու հեռո՜ւ ես, դու հեռո՜ւ…

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 12-01-2013

Tagged Under : , , , ,

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
1903