ԳԻՇԵՐԱՄՈՒՏ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 25-02-2013

Tagged Under : , , ,

Մարգերում իչավ թովիչ կիսամութ,—
Աշխարհը նորից խորունկ է և լայն.
Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ,
Ու սև ջրերում աստղերը ելան…

Անհաս երկնքից ասեղ առ ասեղ
Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,—
Դողացին, ընկան — այնտեղ ու այստեղ,
Հյուսեցին իրենց շրջանը ոսկյա…

Լսե՞լ ես արդյոք այս երգը քնքուշ,
Որ մեղմակարկաչ խոսում է չորս դին,
Իրար է խառնում երազ ու վերհուշ
Ու սիրտըդ պարզում քարին ու խոտին…

Լսե՞լ ես արդյոք այս երգը դյութող,
Երբ այրում է քեզ մի անուշ թախիծ,
Երբ քարն ես գրկում, օրհնում ջուր ու հող
Երբ հեկեկում ես անբարբառ բախտից…

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 12-01-2013

Tagged Under : , , , ,

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
1903