ՍՈՆԵՏ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 14-01-2013

Կյանքին միշտ օտար, մահից վախեցող —
Ես շրջում էի այս գունատ երկրում,
Ուր չկար ցավի երջանկության ցող
Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։
Նա իր կարոտով ու իր ցանկությամբ
Վառվեց իմ ամուլ գոյության վերա —
Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝
Ես նորան տեսա ու բախտից մեռա…
Նա իր բոցերով այրեց ու գընաց.
Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք,
Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց
Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,—
Մի պաղ քարացում աղոթքի կանգնած,
Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք…
1905

Post your comment