Կապույտ ծածկոցն իջավ ցած

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 17-03-2013

Կապույտ ծածկոցն իջավ ցած, —
Մեղմ ու անուշ իրիկո՛ւն,
Վառիր լույսըդ, վաղ անցած,
Լուսե ցնորք, իմ հոգում։

Ամայացած իմ սրտում,
Մենության մեջ իմ սև տան,
Փռիր քնքուշ ու տրտում
Ժպիտը քո խնդության։

Թույլ տուր նորից սիրելու
Առօրյական աշխարհում,
Արշալույսը քո հեռու,
Հայ տնությունըդ հմայուն։

Չկա ոչինչ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 16-03-2013

Չկա ոչինչ, որ այնքան
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական…

Խորն է կյանքն այս երեկո,—
Եվ պայծառ է, և տխուր,
Որպես թախծոտ սերը քո…

Եվ հայացքըդ ոսկեհուր
Մթնում իմ սև գիշերվա,
Իր անսահման, իր մաքուր
Հույսն է փռում իմ վրա…

ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 15-03-2013

Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ։

Իմ սրտի թագուհին հեռավոր,
Հեռավոր կողմերում է հիմա,
Պարզել եմ երազներըս բոլոր,
Ցնորքներըս բոլոր դեպի նա։

Ու թեև գիտեմ, որ մենք բնավ
Չըպիտի հանդիպենք իրարու,
Բայց արդեն իմ սրտում չըկա ցավ,—
Օրհնում եմ նրա կյանքը հեռու։

Եվ աշխարհը պայծառ է նորից,
Երկիրը հարազատ է դարձյալ,
Օրորում են անուշ մի թախիծ,
Եվ գալի՛ք, և ներկա՛, և անցյա՛լ…

Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, և անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ…

Անդարձ աշխարհի վարդագույն միգում

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 14-03-2013

Անդարձ աշխարհի վարդագույն միգում.
Կյանքի հեռավոր, երազ օրերում,
Մի խորհրդավոր թախիծ էր հսկում,
Մի կարոտ էր իմ սիրտը դեգերում,
Կյանքի հեռավոր, երազ օրերում…

Եվ խավար կյանքի արտուղիներում,
Օտար կողմերի դաշտերում մեռած
Ժպտացին հոգուս՝ դեմքըդ երերուն
Եվ քո խոսքերը — արծաթե երազ,—
Օտար կողմերի դաշտերում մեռած…

Եվ դժգույն կյանքի տխուր երգերում
Իր ցոլքն է նետել քո հոգին պայծառ,
Քո անհաս փայլն է իմ հոգին այրում
Եվ գիշերներիս խավարում անծայր
Կանչում է դեպի անհայտ քո հեռուն…

1909

ՍԵՎ ՇՈԻՇԱՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 13-03-2013

Դառը կյանքի խավարում,
Ուղիներում իմ դաժան
Սրտիս ժըպտաց քո հեռուն,
Տխուր ծաղիկ, սև շուշան։

Շարժումներըդ երերուն
Եվ հայացքըդ վշտագին.
Վհատության օրերում
Կախարդեցին իմ հոգին։

Ես սիրեցի մենավոր
Տխրությունը քո անխոս,
Ուղիներում հեռավոր
Արշա լուսվող ււև փարոս։

Մոլորումիս գիշերում
Հոգիս գերեց մի նշան,
Դու ես այստեղ ու հեռվում,
Ցնո՛րք ծաղիկ, սև շուշան…

1908

Մռայլ գիշերն է լռում

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 12-03-2013

Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր…

Ստվերները ծածանուտ
Կերերան ու կըհանգչեն,
Կըզգամ քայլը քո ծանոթ,
Քո խոսքերը կըհնչեն։

Դու անկարծ կըհայտնվես,
Անակնկալ դու կըգաս,
Քաղցր սուտով կըխաբես,
Կըսիրես ու կըգթաս։

Եվ մենության այս միգում,
Ու խավարում այս մեռած
Սեր կըվառես իմ հոգում,
Ազատությո՜ւն ու երա՜զ…

Մեղմաքայլ կըհեռանաս,
Ես կըմնամ միայնակ,
Նորի՛ց, նորի՛ց կըդառնաս՝
Խորհրդավոր ու հստակ։

Մութ գիշերում կընստեմ՝
Լցված սիրով խնդագին,
Քո գաղտնիքը ես գիտեմ,
Բայց չեմ ասի ոչ ոքին….

Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր…

ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 11-03-2013

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ ղու եմ՝ ես չըկամ…

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ…

Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար. —
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք — ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…

Դառն օրերի տառապանքում

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 10-03-2013

Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ,
Խավար կյանքի ուղիներում չարակամ,—
Հոգիս լսեց սիրակարոտ մի շշուկ,
Մեկը սրտիս թաքուն ժպտաց. — «ես կըգա՜մ»։

Տրտունջների խավար ու չար վիհերում,
Ուր հոգնատանջ հոգիս թույլ էր ու վհատ,
Մի անկարծ լույս արշալուսեց մութ հեռուն,
Եվ իմ կյանքը դարձավ անուշ մի հեքիաթ…

ՓՈՂՈՑՈԻՄ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 09-03-2013

Գիշերվա փողոցները թափուր
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և՛ քաղցր, և՛ տխուր,
Երազով դյութական ու հստակ…

Աշխարհում այս աղոտ, ես քնքուշ
Մի հեքիաթ հյուսեցի քո մասին,
Պատկերըդ լուսեղեն ու անուշ
Պարզեցի կյանքի չար երա զին…

Մեկնեցի վիճակըս անժպիտ
Օրերիդ օրորի՜ ն, օրորի՜ն,
Կույս հոգուդ խնդությանը վըճիտ,
Հայացքիդ տխրությանը խորին…

Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն…

ԹԱՓԱՌՈՒՄԻ ՍԵՐ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 08-03-2013

Կշարժեմ նորից քայլերըս տարտամ,
Լապտերների հեզ լույսը կըգրկեմ,
Զվարթ անցորդին ուրախ կըժպտամ,
Ինքըս ինձ կերգեմ…

Եվ արբած կյանքի անուշ գաղտնիքով,
Ողջույն կըտամ ես ջրին ու հողին,
Կրկանչեմ զվարթ, ու արբուն երգով
Անց ու դարձողին…

Եվ օտար կանանց ժպիտը ծանոթ,
Եվ մեծ քաղաքի աղմուկի հյուսկեն —
Երկար գիշերիս երազում աղոտ
Քունս կըհսկեն…