Մենության խավար

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 05-04-2013

Tagged Under : , ,

Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…

Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։

Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։

Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…

Comments:

There are (2) Comments for the Մենության խավար

Post your comment