ՀԻՎԱՆԴ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 18-01-2013

Tagged Under : , ,

Քնքուշ երազով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս
Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։
Օտար դաշտերի անանց մշուշում
Տըխուր լռության գիշերն է իջել —
Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
Մի լուսե երգ է իմ հոգում ննջել…
Քո պայծառ գահից մեղմորեն իջիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս,
Անուշ երազով սիրտըս պաճուճիր,
Ցնորք հուշերով ամոքիր հոգիս…
1907

Post your comment