ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 20-03-2013

Tagged Under : , , ,

Տխրությունս անուշ է, որպես
Հեռավոր, հեռավոր կարկաչյուն.
Այնպես մեղմ է իմ սերն ու այնպես
Անուշ է նա իմ սիրտը տանջում։

Չեմ ուզում ոչ անցյալը հիշել,
Ոչ գալիք օրերին նետել հույս,
Հանգիստ է իմ շուրջը և գիշեր,
Ու սիրտըս չի տենչում արշալույս։

Անդորրել է աշխարհը բոլոր,
Դուրսը ձյուն է գալիս, փողոցում
Գիշերը, և՛ հանգիստ է, և՛ խոր,
Ու սիրտըս առավոտ չի ուզում։

Մաքուր է իմ հոգին ու հիմա
Օրհնում եմ վիճակըս երկրային,
Ընդունում եմ սիրով կյանք ու մահ
Ու սիրտըս պարզում եմ աշխարհին…

Անչար է իմ հոգին ու հանգիստ,
Գիշերը անդորր է, դուրսը ձյո՜ւն.
Ննջեցեք հավիտյան, վերք ու վիշտ,
Ծավալվի՛ ր, լուսեղեն մենություն…

Post your comment