Սին խոսքերի մեջ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 07-03-2013

Tagged Under : , ,

Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում
Շրջում եմ, բայց միշտ, հեռո՛ւ եմ, չըկամ.
Ապրում եմ թաքուն և իմ հեզ հոգում
Աղոթք եմ անում ցնորք-աղջկան…

Ձեզ հետ եմ, բայց միշտ հեռո՜ւն եմ, հեռո՜ւն,—
Ունեմ ես թովիչ մի առանձնարան, —
Տանջանք է այնտեղ և զոհաբերում,
Եվ թախիծ, և երգ, և աղոթք նրան…

Եվ այնտեղ է նա,— ոչ այս աշխարհում,—
Մաքուր ու պայծառ պատկերը նրա.
Ես տառապանքըս բախտ եմ համարում
Ու ծիծաղում եմ ձեր բախտի վրա…

Դու չքացել ես

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 06-03-2013

Tagged Under : , , ,

Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը՝ երազ։

Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։

Քաղցր պատրանք էր,
Խաբող ժպիտ,
Կարոտիս երգն էր
Պայ ծ առ հոգիդ։

Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ. —
Կյանքը՝ հեքիա՛թ է,
Աշխարհը՝ սո՛ւտ…

ԳԱՐՆԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 05-03-2013

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ…
Դեռ չըչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունըդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով է լի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսըդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր,
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…

1912

Դու խոսում ես

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 04-03-2013

Tagged Under : , , ,

Դու խոսում ես, բայց կարծես,
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես և այնպես
Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում…

Լուսեղեն է խոսքերիդ
Իմաստը պարզ ու խորունկ,
Որպես մեղմ ու անառիթ
Գարնան անուշ մտորմունք…

Եվ անդորր է ձայնը քո,
Հաշտ է թախծոտ իր շեշտով,
Որպես անուշ երեկո՝
Լիքը սիրով ու վշտով։

Դու չե՛ս, դու չե՛ս, հեռավոր
Վարդենիներն են շրշում,
Ծովն է երգում լայն ու խոր
Ոսկեպայծառ մշուշում….

Իմաստուն է և արդար
Օրերի երգն անընդհատ,—
Դառը տանջանք ու դադար,
Եվ սեր, և վիշտ, և հեքիաթ…

Գիշե՜ր, գիշե՜ր, լռությո՜ւն,
Անուշ թախծի լուսե երգ.
Փռվի՛ր, փռվի՛ր իմ հոգում,
Խաղաղությո՜ւն անեզերք…

Գարնան լուսե ամպի նման

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 04-03-2013

Tagged Under : , , , ,

Գարնան լուսե ամպի նման՝
Այս խավար կյանքում
Դու նետել ես մի թովչական
Ժպիտ իմ հոգուն։

Մոլոր սրտիս տառապանքի
Անլույս աշխարհում
Դու վառել ես մի այլ կյանքի
Արևոտ հեռուն։

Դրոշմել ես բոցե կնիք
Մեռած իմ հոգում.
Դո՛ւ իմ հավատ, իմ հայրենի՛ք,
Դո՛ւ իմ փրկություն…

1911

Դու հասկացար

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 03-03-2013

Tagged Under : , ,

Դու հասկացար տագնապները իմ հոգու,
Տրտմությունըս անսպառ.
— Մենք առհավետ շղթայված ենք մեկմեկու։

Կյանքըս մութ էր, հոգիս ցաված ու խավար,
Եվ օրերըս — միայն ցավ.
— Իմ սև երկրում ժպտացիր դու լուսավառ…

Եվ քո փայլով իմ աշխարհը լուսացավ,
Չըկան վիհերն իր անել.
Քաղցր է հիմա, լուսավառված, խինդ ու ցավ
— Ո՞վ կարող է ինձ քեզանից բաժանել…

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 03-03-2013

Tagged Under : , , ,

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ —
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե ր իմ փութանցիկ…

Ժանյակները լուսազարդ
Լայն երկնքի ծովերում
Հյուսվածներով անավարտ
Մոռացումս են օրորում…

Ժըպիտներով խաղացկուն
Երգն է ձուլվել իմ կյանքին,—
Սեր ու երգ է իմ հոգում,
Սիրո երգ է իմ հոգին…

Իմ սիրո պես խոր ու մեծ
Շուրջըս աշխարհն է ծփում.—
Ոսկի հեքիա՛թ, ո՞վ պատմեց
Քեզ կախարդված իմ հոգուն…

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ,
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե՜ր իմ փութանցիկ…

ՈԻՐՎԱԿԱՆ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 02-03-2013

Tagged Under : , , ,

Մթնշաղային ժամերին, երբ ես,
Ընկնում եմ, հոգնած օրերից ունայն,
Հայտնվում ես դու նուրբ ու լուսերես
Ու հետըս նստում քնքշությամբ անձայն —
Եվ փայփայում ես, օրորում ես քո
Անխոս գգվանքով ամեն երեկո…

Ընդունում եմ քո համբույրը նրբին,
Ուրվականային փայփայանքըդ ես,
Երբ լույս է և մութ-մթնշաղ, երբ իմ
Ցնորքը հիվանդ հնազանդ է քեզ.
Ու քեզ հետ նստած, գիտեմ,— դու չես այն,
Ըստվերդ է միայն, ըստվերդ է միայն….

Դու եկար սպիտակ շորերով

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 02-03-2013

Tagged Under : ,

Դու եկար սպիտակ շորերով,
Երբ ձմռան երեկոն իմ սրտում
Իր թախիծն էր փռում ու տրտում
Ժպտում էր մշուշոտ շողերով…

Եվ այնպես անվերջ էր ու դանդաղ
Գիշերիս տաղտկությունը մեռած,
Երբ քնքուշ նետեցիր դու վրաս
Մի անուշ, արբեցնող շամանդաղ։

Փողոցում ձայն չըկա, և իմ տան
Դռները ես ամուր եմ փակել.
Միայն դու կարող ես ինձ փրկել,
Օրերից հուսաբեկ ու տարտամ։

Ցաված է իմ հոգին ու մենակ —
Ձանձրությամբ է լցված մահացու,
Եվ դառն է անունն իմ աստրծու,
Եվ աղոթքըս՝ թունոտ մի դանակ…

Հայտնվի՛ր լուսեղեն ու գերող,
Քո փայլը ծավալիր և կյանքում,
Ամոքի՛ր գիշերներըս անքուն
Քո մաքուր, քո անուշ երգերով….

ԱՐՇԱԼՈՒՅՍ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 01-03-2013

Tagged Under : , , , ,

Դուրս ելա դաշտ —
Կանաչ ծով,
Կանաչ ծով էր, անափ ծով —
Առավոտն էր ժպտում հաշտ,
Բոցավառվում նոր բոցով…

Եվ ուղիներ բյուրավոր,—
Հեռավոր,
Կանչում էին, ակնարկում. —
Նոր էր սերըս, լայն ու խոր,—
Նոր էր աշխարհն իմ հոգում…

Թողի՛ տնակն իմ ավեր,
Մութ ու հին —
Ու հեռացա խնդագին. —
Անհա՜յտ, անհո՜ւն հեռուներ,
Ձեր գիրկն առեք իմ հոգին….