ԱՇՆԱՆ ԳԻՇԵՐ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 11-02-2013

Tagged Under : ,

Չըգիտեմ՝ որտեղի՛ց է գալիս
Ջութակի հեկեկանքը տրտում
Եվ լալիս է անվերջ ու լալիս
Եվ անվերջ ծավալվում իմ սրտում։

Անհույս է այդ երգը, որպես մութ
Գիշերըս, գիշերըս աշունքվա. —
Կարծես՝ սուգ են անում և անգութ
Եվ դառը լալիս են իմ վրա…

Այնքան վիշտ կա անհույս այդ երգում,
Այնքան դառը տանջանք ու թախիծ,
Եվ անվերջ, հավիտյան է երգում,
Հեկեկում այդ երգը այնտեղից.,.

Եվ ձուլված է արդեն իմ հոգուն,
Իմ բոլոր օրերին է ձուլված.
Տրտմություն է իմ շուրջն ու բեկում,
Իմ հոգում է անվերջ սուգ ու լաց…

Ա՜խ, բոլոր կողմերում է թախիծ,
Ամե՜ն տեղ է փռված տրտմություն.
Եվ արդյոք՝ որտեղի՞ց, որտեղի՞ց
Սպասեմ ավետիք ու խնդում…

Post your comment